Մենք կարիք ունենք անաչառ գնահատականներ տալու և՛ ստեղծված իրավիճակին, և՛ ապագային, որը կդառնա նաև պետական քաղաքականություն. Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մասնակցել է ՀՀ ԳԱԱ 2021թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին:
Հանրապետության նախագահը ողջունել է ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի մասնակիցներին և նշել, որ իր համար պատիվ է ներկա գտնվել մի միջավայրում, որն իր համար շատ հոգեհարազատ է:
«Ես իմ կյանքի բավականին երկար ժամանակը նվիրել եմ գիտությանը և միշտ ինձ համարել եմ ձեզնից մեկը: Ինքս երբևիցե օտարացած չեմ զգացել այս միջավայրից և շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում լինել գիտնական: Գիտնական դառնալը քչերին է տրված և սա պետք է գնահատենք բոլորս՝ և՛ դուք, և՛ հասարակությունը, և՛ իշխանությունը: Ի վերջո, մեր հպարտությունը միշտ որպես հայ եղել է մեր գիտությունը, կրթված մարդիկ»,- ասել է Հանրապետության նախագահը:
Անդրադառնալով գիտության ակադեմիայի գործունեությանը՝ նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ երևույթները խորությամբ ուսումնասիրելու, վերլուծելու անհրաժեշտություն կա և որ մենք կարիք ունենք պետական քաղաքականության մեջ մեր խոսքն ասելու ժամանակ գիտական հիմնավորումները հաշվի առնել:
«Այդ գործում ձեր մասնակցությունը շատ խիստ անհրաժեշտ է»,- ասել է նախագահը:
«Մենք հանրային խոսքում, քաղաքականության մեջ մի մեծ խնդիր ունենք: Երբ տեսակետներ ենք ասում, դրանք շատ դեպքերում գիտականորեն հիմնավորված չեն, այլ պարզապես ցանկություններ են, և դա մոլորության մեջ է գցում բոլորիս՝ իշխանության ներկայացուցիչներին, քաղաքական ուժերին, հանրությանը: Հասարակության մեջ այդ չհիմնավորված տեսակետները խառնաշփոթ են առաջացնում:
«Մենք կարիք ունենք անաչառ գնահատականներ տալու և՛ ստեղծված իրավիճակին, և՛ ապագային, որը կդառնա նաև պետական քաղաքականություն», ավելացրել է հանրապետության նախագահը:
Խաչատուրյանի խոսքով՝ առանց կրթության և գիտության Հայաստանի Հանրապետության զարգացում չի լինի: «Մենք այլ ռեսուրս չունենք, քան մարդն է՝ իր գիտելիքով, իր ունակություններով, իր նախաձեռնություններով: Հանրակրթություն, բարձրագույն կրթություն, գիտություն այս օղակը պետք է ամբողջական լինի: Դպրոցից կամ նույնիսկ մանկապարտեզից սկսած մենք պետք է մեր հասարակությանը, մեր քաղաքացիներին պատրաստենք ավելի կիրթ մարդ դառնալուն և դրա հետ մեկտեղ՝ երկրին ավելի նվիրված լինելուն»,- ասել է նախագահը: