Թույլատրվել է մի շարք հաստատություններում զանգվածային միջոցառումների արտաուսումնական խմբակների իրականացումը՝ առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության և սանիտարահամաճարակային կանոնների պահպանման ապահովմամբ
Առողջապահության նախարարությունը հայտնում է՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակն այժմ հարաբերականորեն կայուն է, ուստի ուժը կորցրել է աշխատողների աշխատավայր ներկայանալիս ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ յուրաքանչյուր 7 օրը մեկ ներկայացնելու պահանջը:
Բացի այդ, չեղարկվել են անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության վերաբերյալ, անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային կարգավիճակի և բժշկական հակացուցումների վերաբերյալ գրանցամատյանների Ձևերը:
Միաժամանակ, թույլատրվել է մի շարք հաստատություններում զանգվածային միջոցառումների (մանկական միջոցառումներ, ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ), արտաուսումնական խմբակների իրականացումը՝ ապահովելով առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության և սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը։
Հրամանի փոփոխությունը հրապարակվել է այսօր. նշված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։