Իսրայելի վարչապետը պատասխանել է Լավրովին
Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթը մեկնաբանել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը իտալական հեռուստալրագրողներին տված հարցազրույցում, որում ռուս նախարարը Ուկրաինայի հրեա նախագահին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ՝ նշելով, որ Հիտլերն ուներ նաև հրեական արմատներ, գրում է իսրայելական 9-րդ ալիքը։
«Ես շատ լուրջ եմ վերաբերվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը»,- ասել է Բենեթը։ «Նրա խոսքերը սխալ են, և դրանց նպատակը սխալ է։ Նման ստերը կոչված են մեղադրելու հենց հրեաներին պատմության մեջ իրենց դեմ կատարված ամենասարսափելի հանցագործությունների համար»։
«Հրեա ժողովրդի Հոլոքոստի օգտագործումը որպես քաղաքական գործիք պետք է անհապաղ դադարեցվի», - ասել է Բենեթը:
Երկուշաբթի ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ կանչել է ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովին «պարզաբանումներ տալու» համար՝ ի պատասխան Լավրովի մեկնաբանությունների։