Միտքը, թե Արցախը կորցրել ենք 1998 թ․-ին` քարոզչական հակաինտելեկտուալ հնարք է, Փաշինյանի կործանարար և քայքայիչ քաղաքականությունը արդարացնելու և սրբագրելու նպատակով. Կարպիս Փաշոյան
Կարպիս Փաշոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իմ ավագ ընկեր Վասակ Դարբինյանը ասում է, թե մենք Արցախը կորցրել ենք 1998 թ․-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ Վազգեն Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը տապալեցին կարգավորման գործընթացն ու հեղաշրջում իրականացրեցին։
Թո՛ղ ինձ ների պարոն Դարբինյանը, բայց վերոհիշյալ միտքը ընդամենը քարոզչական հակաինտելեկտուալ հնարք է, բնականաբար Նիկոլ Փաշինյանի կործանարար և քայքայիչ քաղաքականությունը արդարացնելու և սրբագրելու նպատակով։ Սա անհիշելի ժամանակներից հայտնի և բազմիցս կիրառված մեթոդ է․ ստեղծել պատճառահետևանքային արհեստական շղթա, որպես մեկնակետ սահմանել որևէ նշանակալի իրադարձություն՝ ներկան և ապագան անշեղորեն առկախելով դրանից։ Իհարկե Տեր-Պետրոսյանի հրաժարականը ծանրագույն հարված էր մեր պետությանը, բայց չի կարելի դրան կրոնական բովանդակություն հաղորդել կամ էլ նույնականացնել իմամ Հուսեյնի նահատակության հետ՝ բացառելով ապագայի ինքնավար ընթացքի հնարավորությունը։ Այսինքն, Դարբինյանը առաջ է մղում իրադարձությունների կանխորոշվածության իռացիոնալ սկզբունքը՝ զրկելով սերունդներին պատասխանատվություն կրելու և որոշումներ կայացնելու հնարավորությունից։
Խորքային իմաստով սա հակադեմոկրատական տեսություն է և բնորոշ է ամբողջատիրական մտածողությանը։ Այլ խոսքով՝ պարոն Դարբինյանը միգուցե իր կամքից անկախ ներքաշվել է իստորիցիզմի աղանդի շարքերը։ Պատմությունը ֆիզիկա չէ, այստեղ պատճառայնության սկզբունքը կարող է և չաշխատել, քանի որ առաջնային է մարդկային գործոնի հավանականությունը, ինչպես նաև պատահականության հնարավորությունը։
Դեռ քանի՞ անգամ Նիկոլ Փաշինյանը խորհրարանում պետք է խոստավանի իր հանցանքը, որ պարոն Դարբինյանն ու մյուսները համոզվեն, որ իրենց կառուցած տեսությունները սխալ են ու անտրամաբանական։ Արդեն հարյուր անգամ ապացուցված փաստ է, որ այս պատերազմը կարող էր և չլինել կամ էլ պատերազմը կարող էր կանխվել, եթե Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում կայացներ։
Նույնիսկ ես այն տպավորությունն ունեմ, որ հենց Նիկոլ Փաշինյանն էր պատամական այն կերպարը, որին վիճակված էր գնալ պատմական զիջման ու կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը։ 1812 թ․-ին Մոսկվայի հանձնման վերաբերյալ մի հետաքրքիր դրվագ կա։ Հարց է հնչում, թե ինչո՞ւ Բարկլայ դը Տոլիի փոխարեն ռուսական զորքերի գլխավոր հրամանատար նշանակվեց Կուտուզովը, չէ՞ որ նահանջի, քաղաքները հանձնելու և հակառակորդին հյուծելու պլանի հեղինակը հենց Տոլին էր։ Հնչում է փառահեղ պատասխան․ Մոսկվան կարող էր հանձնել միայն Կուտուզովը, քանի որ նա էր այն անհատը, որին այդ մեղքը կներեին, կլսեին ու կհասկանային, ինչպես օրինակ՝ Լոնդոնը կարող էր հանձնել միայն Վելլինգտոնը։
Այս նույն տրամաբանությամբ Ջաբրայիլն ու ֆիզուլին կարող էր հանձնել միայն ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած և ժողովրդի բացարձակ վստահությունը վայելող Նիկոլ Փաշինյանը, բայց ոչ երբեք՝ Սերժ Սարգսյանը»: