Վաղը 12։00-ից ակցիաներ կանենք, 15:30-ին պետք է լինենք հրապարակում, որ Նիկոլին հրաժարականի պահանջ ներկայացնենք. Սաղաթելյան
«Դիմադրության շարժման» համակարգող, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքից խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում քաղաքացիներին կոչ է արել վաղը՝ ժամը 12:00-14:00-ը, շարունակել բողոքի ցույցերն ու անհնազանդության ակցիաները։
Մասնավորապես, նա հորդորել է շարունակել փակել ճանապարհներն ու փողոցները և դրանից հետո, ժամը 15:30-ին, հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։
«Վաղը Հայաստանի Ազգային ժողովի նիստում տեղի կունենա կառավարական ժամ։ Ժամը 16:00-ին Նիկոլ Փաշինյանը կժամանի Ազգային ժողով: Մենք պետք է ժամը 15:30-ին այստեղ լինենք, որպեսզի նրան հրաժարականի պահանջ ներկայացնենք: Ուստի ձեր ներկայությունը շատ կարեւոր է»,- ընդգծել է Սաղաթելյանը։ և իսկական գործադուլի եւ դասերի բոյկոտն ընդլայնելու կոչ արել։
«Ձեր երեխաներին դպրոց մի ուղարկեք: Այս հրապարակում բոլորի ներկայությունը շատ կարեւոր է։ Առաջիկա օրերին վերջնականապես պետք է ֆիքսենք, որ նրանք իշխանություն չունեն։ Օրեցօր, ամեն րոպե մենք ավելի ու ավելի ենք շատանում։ Մենք գնալու ենք մինչեւ վերջ»,- դիմելով հայրենակիցներին՝ ասել է նա։