Աղվան Հովսեփյանի կալանքի միջնորդությունը կքննարկվի վաղը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ մայիսի 4-ին, մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպանների կողմից դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը։
Պաշտպանները որպես ինքնաբացարկի հիմք են ներկայացրել այն, որ այս քրեական գործը մակագրվել է դատարանի նախագահի կողմից՝ ձեռքով, որով, ըստ նրանց, չի պահպանվել օբյեկտիվությունը։
Դատական նիստը կշարունակվի վաղը՝ 15։00-ին։ Նշենք, որ դատարանին ներկայացվելու է Աղվան Հովսեփյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը։
Ըստ մեղադրանքի՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է: