Անդրանիկ Քոչարյանը քաղաքական խառնակչությամբ է զբաղվում. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Hraparak.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԱԺ ՔՊ խմբակցության անդամ, Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե պետք է միտինգներին մասնակցող երիտասարդների տվյալները հավաքագրել ու փոխանցել ՊՆ-ին, որ տանեն բանակ՝ հարստացնելու մոբռեսուրսը։
Սեյրան Օհանյանը Անդրանիկ Քոչարյանին ու մյուսներին հիշեցրել է, որ հավաքագրումը զորահավաքային պլանի մաս է կազմում, և դրա կատարողը պետությունն է, պաշտպանության նախարարությունը, և հավաքագրումը ընտրովի չի լինում։
«Հավաքագրումը կամ զորահավաքային մոբիլիզացիոն խնդիրներն իրականացվում են զինվորական հաշվառման մասնագիտության համաձայն, և դրա համաձայն բաշխում է իրականցվում՝ ըստ ստորաբաժանումների։ Եվ կարող է այնտեղ լինել և՛ իշխանության ներկայացուցիչը, և՛ ընդդիմության ներկայացուցիչը։ Ոչ ոք չի խանգարել, որ պետությունը զբաղվի իր մոբիլիզացիոն ծրագրերով։ Երբ ասում են՝ հավաքագրենք ընդդիմության երիտասարդներին, սա խոսում է քաղաքական հետապնդման մասին, որն անըդնունելի է։ Քաղաքական մաս է իր մեջ պարունակում նաև այն, որ երբ պատերազմի ժամանակ այդ նույն մոբիլիզացիոն խնդիրները չեն իրականացվել, քաղաքական իշխանությունը՝ նույն Ազգային ժողովն իր համապատասխան պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովով, պետք է ամեն ինչ անեին մոբիլիզացիոն խնդիրներն իրականացնելու և բանակը համալրելու համար»,-ասել է Սեյրան Օհանյանը։
Հարցին՝ Անդրանիկ Քոչարյանը չգիտի՞ այդքանը, որ նման հայտարարություններ է անում, Օհանյանը պատասխանել է․ «Իհարկե, գիտի։ Պարզապես Անդրանիկ Քոչարյանը քաղաքական խառնակչությամբ է զբաղվում»։