ԱՄՆ Կոնգրեսը Թուրքիայի կողմից F-16-երի գնումը կարող է Ուկրաինային աջակցության հետ կապել
Ամերիկացի օրենսդիրները, որոնք մեծ դեր են խաղացել Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից հանելու համար այն բանից հետո, երբ Անկարան ռուսական Ս-400-ներ է գնել, կարող են հավանություն տալ F-16 գնելու Անկարայի խնդրանքին:
Defense News-ը հաղորդում է՝ օրենսդիրները զգուշորեն հասկացրել են, որ կարող են թույլ տալ Թուրքիային ձեռք բերել կործանիչներ այն բանից հետո, երբ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ նման վաճառքը կարող է ծառայել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անվտանգության շահերին, գրում է Defense News-ը՝ վկայակոչելով քաղաքական գործիչների հետ հարցազրույցները։ Նրանց կարծիքով՝ ինքնաթիռների մատակարարումը կախված է Ուկրաինային Թուրքիայի աջակցությունից։
Թուրքիան 40 նորագույն F-16 ինքնաթիռներ եւ իր մարտական ինքնաթիռների համար մոտ 80 արդիական սարքավորումներ գնելու հայտ է ներկայացրել:
ԱՄՆ Պետդեպարտամենտը մարտի 17-ին Կոնգրեսին ուղղված նամակում հայտարարել է, որ ինքնաթիռների հնարավոր վաճառքը բխում է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնության շահերից։
Թուրքիան F-16-եր գնելու ծանրակշիռ փաստարկներ է բերել, Defence News-ին ասել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ, սենատոր Ջեյմս Ռիշը: «Ես դրական եմ տրամադրված այս ուղղությամբ»,- ասել է նա։
Մեզ պետք են Թուրքիայի հետ հարաբերությունները, մենք պետք է դրանք վերականգնելու ելք գտնենք»,- ասել է Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ադամ Սմիթը: