Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների միջև կապեր կան տարբեր ոլորտներում. Բայրամով
«Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների միջև կապեր կան տարբեր ոլորտներում։ Միաժամանակ կա աշխատանքային խումբ՝ հաղորդակցությունները բացելու համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ թեժ գիծ է ստեղծվել նաև պաշտպանության նախարարությունների միջև։
«Ես մի քանի անգամ հեռախոսով խոսել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Մեր դիրքորոշումը խաղաղության պայմանագրի և, առհասարակ, տարածաշրջանում կայունության համար կարևոր տարրերի վերաբերյալ այն է, որ հիմնական կողմերը Ադրբեջանն ու Հայաստանն են, և ոչ ոք մեր փոխարեն պայմանագիրը չի ստորագրի»,- ասաց ԱԳ նախարարը։
Նա նաև հավելել է, որ միջազգային նախաձեռնություններն ու Ադրբեջանը պատրաստ են աշխատել կողմերի հետ, որոնք ցանկանում են նպաստել գործընթացին։