Իսրայելցի հետախույզ Ահմադ Ռեզա Ջալալին Իրանում մահապատժի կենթարկվի
Իսրայելցի հետախույզ Ահմադ Ռեզա Ջալալիի մահապատիժը վերջնական է, երեքշաբթի հայտարարել է Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Զաբիոլլահ Խոդաիյանը։
«Ահմադ Ռեզա Ջալալին Իրանի քաղաքացի է։ Նա ձերբակալվել է լրտեսության և իսրայելական հետախուզական գործակալությունների հետ համագործակցության, ազգային անվտանգության դեմ գործողությունների և իրանցի միջուկային գիտնականների մասին գաղտնի և հույժ գաղտնի տեղեկատվության հրապարակման մեղադրանքով»,- մեջբերում է նրա խոսքը IRNA-ն:
Նրա խոսքով՝ ինքը կալանավորվելուց հետո ստացել է Շվեդիայի քաղաքացիություն։ Շվեդիայում իրանցի բանտարկյալ Համիդ Նուրիին Ահմադ Ռեզա Ջալալիի հետ փոխանակելու հնարավորության մասին հարցին ի պատասխան Խոդաիյանն ասել է, որ երկու հարցերն իրար հետ կապ չունեն, քանի որ Նուրին անմեղ է, իսկ նրա դատավարություններն անօրինական են։ Ավելի քան երկու տարի առաջ Շվեդիայում ձերբակալվել էր 60-ամյա իրանցի Համիդ Նուրին։