Բուդապեշտը համառորեն դիմադրում է ռուսական նավթային էմբարգոյին
Եվրահանձնաժողովի ղեկավարը հույս ունի աջակցել Հունգարիային՝ նավթատարների, պահեստարանների եւ նավթավերամշակման հզորությունների ավելացման գործում, ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։ Բուդապեշտը համառորեն դիմադրում է ռուսական նավթային էմբարգոյին։
ԵՄ այլ երկրների մեծ մասը կողմ է պատժամիջոցների նոր վեցերորդ փուլի շրջանակներում ռուսական նավթի արգելքին: Բայց ամենի համար միաձայն որոշում է պահանջվում, իսկ Հունգարիան ամենահամառ քննադատն է։
Երկուշաբթի օրը Բուդապեշտում կայացած ընթրիքի ժամանակ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը քննարկել են Հունգարիայի նավթային ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղված ներդրումները, հայտնել է վերջինիս ներկայացուցիչը։ «Չափազանց կարեւոր է, որ մենք միասնական պահենք Եվրամիությունը, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, սրանք կոլեկտիվ ջանքեր են»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը։ «Մենք հուսով ենք, որ Եվրամիությունը կկարողանա հնարավորինս արագ պատժամիջոցներ ընդունել»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես խոսել է Օրբանի հետ, հաղորդում է Ելիսեյան պալատը, իսկ Ֆրանսիայի՝ ԵՄ-ի հարցերով նախարարը առանձին ասել է, որ համաձայնությունը հնարավոր է այս շաբաթ: Չորեքշաբթի օրը Բրյուսելում ԵՄ ներկայացուցիչները այս հարցի հետ կապված հանդիպում կունենան։
Բայց Բուդապեշտի մեկնաբանությունները չեն ենթադրում անխուսափելի առաջընթաց, քանի որ արտգործնախարար Պիտեր Սիյարտոն ասել է, որ առաջնորդների ընթրիքը նշանավորեց «փոքր քայլ առաջ», բայց որ շատ ավելի շատ աշխատանք է անհրաժեշտ:
Օրբանն անցյալ շաբաթ ասել է՝ Հունգարիային անհրաժեշտ են «խոշոր ներդրումներ»՝ երկրի էներգետիկ համակարգը արդիականացնելու համար։