ՆԱՏՕ-ին անդամակցելը կամրապնդի հյուսիսային երկրների պաշտպանությունը․ Շվեդիայի պաշտպանության նախարար
Հյուսիսային շրջանի պաշտպանական ներուժը կամրապնդվի, եթե Շվեդիան եւ Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին, ինչը թույլ կտա դաշինքի շրջանակներում համատեղ պաշտպանական պլանավորում իրականացնել, այս մասին, ըստ Reuters-ի, հայտարարել է Շվեդիայի պաշտպանության նախարար Պետեր Հուլտկվիստը։
«Եթե Շվեդիան եւ Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին, մենք կօգտագործենք միմյանց ուժեղ կողմերը եւ առավելությունները ու լիովին կլրացնենք միմյանց, ինչպես նաեւ կիրականացնենք օպերատիվ պլանավորում»,- ասել է նա։
Շվեդիան արդեն պաշտպանական պայմանագրեր ունի իր սկանդինավյան հարեւանների հետ։
Մայիսի 15-ին սոցիալ-դեմոկրատները կորոշեն՝ պետք է արդյոք Շվեդիային անդամակցել ՆԱՏՕ-ին։
Հուլտկվիստը, որը երկար ժամանակ թերահավատորեն էր վերաբերվում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, հրաժարվել է ասել՝ որն է իր ներկայիս դիրքորոշումը: