Տեղեկատվություն կա, որ սևբերետավորների հրամանատարը ոչ թե ենթարկվում է ոստիկանապետին, այլ ուղիղ Նիկոլ Փաշինյանին․ մեդիափորձագետ
Ամերիկացիների արձագանքը շատ տարօրինակ էր, երբ կոչ էին անում ընդդիմությանը չդիմել բռնության։ Սակայն բռնությունների մեծ մասը՝ 99%-ը եղել է ոստիկանության կողմից։ Կոչը պետք է հակառակ կողմին լիներ՝ ոստիկաններին։ Այս մասին ասուլիսում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով միջազգային արձագանքներին կապված հանրահավաքների և ակցիաների հետ։
Քոչարյանի խոսքով՝ դա ևս մեկ անգամ փաստեց և ցույց տվեց, թե ով է Նիկոլ Փաշինյանն իրականում, և թե որ աշխարհաքաղաքական ուժերի վրա է նա աշխատում։

«Եթե հիմա հակառակ պատկերը լիներ՝ Նիկոլ Փաշինյանը լիներ ընդդիմություն, նա հիմա վայնասունը կապել էր։ Սրտաճմլիկ տեսարաններ, ծեծված մարդկանց դեմքեր կտեսնեինք СNN-ով, դեսպանները հերթով մատները թափ կտային մեզ վրա։ Այսինքն՝ իրենց համար նորմալ է, երբ ոստիկանը կարող է թքել մարդկանց վրա, երբ կարող է քաշքշել կանանց»,-նշեց Քոչարյանը և հավելեց․ «Այնպիսի տպավորություն է, որ այդ մարդկանց ֆորմա հագցնելուց, չեն ասում, թե այդ ֆորման ինչ է նախատեսում։ Ոստիկաններին, առաջին հերթին պետք է զգուշացնեն, որ սա ոչ էմոցիոնալ աշխատանք է, և եթե էմոցիաներ ունես՝ ավելի լավ է չաշխատես, բայց մենք այլ բան ենք տեսնում։ Տեղեկատվություն կա, որ սևբերետավորների հրամանատարը ո՛չ թե ենթարկվում է ոստիկանապետին, այլ ենթարկվում ուղիղ Նիկոլ Փաշինյանին և միանգամից կատարում նրա հրամանները։ Եվ երևում է, որ առանձնակի դաժանություն կա այդ մարդկանց մոտ։ Դա և՛ տարօրինակ է, և՛ անբացատրելի, որովետև ես ուզում եմ հավատալ, որ այդ բերատավորներն ազգությամբ հայ են»,- ասաց Տիգրան Քոչարյանը: