Գերմանիան արդեն Ռուսաստանին գազի դիմաց վճարել է ռուբլով
Գերմանիայում ռուսական գազի խոշորագույն ներկրողն արդեն ռուսական գազի դիմաց վճարել է ռուբլով, հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին։
«Իրականում այն ապացույցները, որոնք մենք տեսանք այսօր առավոտյան ցույց են տալիս, որ Գերմանիայում գազի խոշորագույն ներկրողն արդեն վճարել է ռուբլով»,- ասել է նա նախօրեին, ըստ Deutsche Welle-ի: Միևնույն ժամանակ, գրում է Bloomberg-ը, Գերմանիայում ռուսական գազի խոշորագույն գնորդ գերմանական Uniper SE ընկերության ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունը նոր սխեմայով ոչ մի վճար չի կատարել, քանի որ վճարման ժամկետը լրանում է միայն մայիսի վերջին։
Չորեքշաբթի ավելի վաղ Uniper-ին հավաստիացրել էին, որ ընկերությունը կկարողանա պահպանել գազի մատակարարումները՝ առանց պատժամիջոցները խախտելու։ Միաժամանակ, նրա ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք Uniper-ը ռուբլու հաշիվ բացե՞լ է Գազպրոմբանկում։