Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է տևել չորս ամսից մինչև մեկ տարի
Ֆինլանդիայի խորհրդարանը ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցով քննարկում է անցկացնում, որը կտևի առնվազն մինչև երկուշաբթի ուշ երեկո։ Այս մասին հայտնում է Yle-ն։
Բանավեճը բացեց վարչապետ Սաննա Մարինը, ով շեշտեց, որ իրավիճակը արմատապես փոխվել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմամբ, և եթե Ֆինլանդիան համաձայնի Ռուսաստանի պահանջներին, որ ՆԱՏՕ-ն չընդլայնվի դեպի արևելք, դա կնշանակի ինքնիշխանության թուլացում:
Արտգործնախարար Պեկկա Հաավիստոն Բեռլինում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ խոսել է հարցի քննարկման արդյունքների մասին։ Նա նշեց, որ դիմումի համաձայնեցման գործընթացը կարող է ուղեկցվել որոշակի դժվարություններով, եւ կարեւոր է «զսպվածություն ու հանգստություն ցուցաբերելը»։ Նրա խոսքով՝ անդամակցությունը կարող է տևել չորս ամսից մինչև մեկ տարի։