Գործը ձգձգվում է, որ պետական դավաճանության հոդվածով Փաշինյանի նկատմամբ գործ չհարուցվի․ Կարին Տոնոյան
Դատական պրոցես տեղի ունեցավ։ Ծնողներով մենք ժամը 10։00-ին Վերաքննիչ դատարանում էինք։ Ընդ որում, դա թվով երրորդ նիստն էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը։
Նա նշեց, որ առաջին նիստի ժամանակ իրենց անգամ տեղյակ չէին պահել, և երբ հարցրել էին, թե ինչու տեղյակ չեն պահել, ինչու իրենց չեն ծանուցել, դատավորը շատ տարօրինակ կերպով ուսերը վեր է քաշել և ասել․ «Դե հիմա․․․ չենք ծանուցել»։ Տոնոյանի խոսքով՝ դատական համակարգը վերածվել է մանկապարտեզի։
«Դատական համակարգում ակնհայտ խախտումներ են տեղի ունենում։ Երկրորդ նիստն էլ շատ կարճ տևեց, իսկ ինչ կապված է այս նիստի հետ, ապա այսօր կես ժամ ուշ սկսվեց և, չգիտես ինչու, 50 ծնողի համար 10 տեղանոց դահլիճ էին նախատեսել»,- նշեց Տոնոյանը։
Հարցին, թե ինչ գործ է քննվում, Տոնոյանը նշեց, որ քննվում է հայցն ընդդեմ Փաշինյանի, որպեսզի գործ հարուցվի վերջինիս դեմ՝ 299 հոդվածով, այն է՝ պետական դավաճանություն։ Առաջին ատյանի դատարանում մերժվել է, ինչից հետո ծնողները դիմել են Վերաքննիչ դատարան։ Գործն ինչ-ինչ պատճառներով ձգձգում են։ Անհասկանալի էր նաև այսօր դատախազի՝ նիստին չներկայանալը։
«Մենք դատավորից անմիջապես պահանջեցինք միջնորդություն ներկայացնել, որպեսզի դատախազն անմիջապես ներկայանա, սակայն մեզ պատասխանեցին, որ նիստը հետաձգում են։ Ստացվում է, որ մեզ ուղղակի ծաղրում են։ Ամեն շաբաթ նիստ են անում, սակայն կես ժամ հետո հետաձգում այն և այսպես շարունակ։ Ակնհայտ է, որ գործը ձգձգվում է, որ պետական դավաճանության հոդվածով Փաշինյանի նկատմամբ գործ չհարուցվի։ Մեզ՝ ծնողներիս համար այլ տարբերակ չկա։ Նրանք պարզապես մեզ մղեցին այս քայլին․ մենք փակեցինք Վերաքննիչ դատարանի դիմացի փողոցը։ Մենք ընդամենը պահանջում ենք, որ դատախազը գա»,- նշեց Կարին Տոնոյանը և ներողություն խնդրեց բոլորից՝ անհարմարություն պատճառելու համար։