Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են վերսկսել բանակցությունները
Չնայած Ռուսաստանի հետ բանակցությունների դադարեցմանը, պատերազմը դեռ կորոշվի բանակցությունների սեղանի շուրջ։ Իսկ գործընթացը կղեկավարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հեռուստամարաթոնի եթերում հայտարարությանը։
«Հասկանալի է, որ այժմ բանակցային գործընթացը կասեցված է, քանի որ Ստամբուլի հանդիպումից հետո էական առաջընթաց չկա։ Ռուսաստանի Դաշնությունը դեռ մնում է իր կարծրատիպային մտածողության մեջ։ Բայց ցանկացած պատերազմ, այնուամենայնիվ, կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ, և ինձ թվում է, որ պարոն Զելենսկին կղեկավարի այդ գործընթացը»,- ասել է Պոդոլյակը։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել էր, որ Ուկրաինան «գործնականում» դուրս է եկել Ռուսաստանի հետ բանակցային գործընթացից։