էրեբունու բաժին բերման ենթարկված գրեթե բոլոր քաղաքացիներն ունեն մարմնական վնասվածքներ, առանձնակի կոպիտ կերպով բերման են ենթարկում իգական սեռի ներկայացուցիչներին․ իրավաբան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ այս պահին ինքն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ գտնվում է ոստիկանության Էրեբունու բաժանմունքում։
«էրեբունու բաժանմունք բերման ենթարկված գրեթե բոլոր քաղաքացիներն ունեն մարմնական վնասվածքներ։ Այս պահին շտապօգնության աշխատակիցները համապատասխան բրիգադով զննում են բռնի կերպով, մարմնական վնասվածքներով բերման ենթարկված կանանցից մեկին, որից հետո մենք կներկայացնենք համապատասխան հաղորդում։ Կարմիր և սև բերետավորների վաշտերն այսօր ակնհայտ կերպով ավելի բռնի ձևով են բերման ենթարկում, բոլորի ձեռքերին կան ճանկռածի հետքեր, ինչպես նաև հնարավոր է նաև սալջարդեր»,- նշեց Հայրապետյանը և շեշտեց, որ ոստիկաններն առանձնակի կոպիտ կերպով բերման են ենթարկում իգական սեռի ներկայացուցիչներին, որոնցից երկուսն այս պահին գտնվում են ոստիկանության Էրեբունու բաժանմունքում։
Հայրապետյանի խոսքով՝ ոստիկանության բաժնում տարակուսած են անգամ ոստիկանները, որ կարմիրբերետավորները կարող են նման կերպ վարվել քաղաքացիների հետ՝ բերման ենթարկելուց հետո։ Իրավաբանը խոստացավ քիչ հետո տեղեկացնել, թե ինչ է արձանագրել շտապօգնությունը՝ համապատասխան հետազոտություններից հետո։