Այս պատերազմում զոհվածների մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, իսկ զոհերի ծնողները դա շատ լավ գիտակցում են, մենք պարտավոր ենք կանգնել այդ մարդկանց կողքին․ Ղազարյան
Ծնողները, որոնք հավաքվել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ այնտեղ պահանջ ներկայացրեցին անհապաղ ազատ արձակել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին։ Ծնողներին խոստացել են մի քանի ժամ հետո պատասխան տալ որոշման մասին։ Այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Նա նշեց, որ ծնողները զգուշացրել են, որ եթե այդ ազնիվ մարդը մնա անազատության մեջ, ապա նրանք կանցնեն կտրուկ գործողությունների։ Ծնողները Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ հավաքվել են նաև իրենց՝ մի քանի օր առաջ սկիզբ առած պայքարը շարունակելու համար։
«Քրեական գործ է հարուցված նրանց երեխաների մահվան հանգամանքներով պայմանավորված, և բնական է, որ իրենց երեխաների մահվան պատճառը կոնկրետ մարդիկ են, իսկ այդ շղթայի մեջ առանցքային դերակատարն այս պատերազմում զոհվածների բոլոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Դա առավել քան ակնհայտ է, և այդ մարդիկ առավել քան լավ դա գիտակցում են։ Նաև իրենց զավակների հիշատակը հարգելով դուրս են եկել պայքարի։ Բայց քանի որ նրանց զավակները զոհվել են հայրենիքի համար պայքարի համար, հետևաբար նրանց պայքարն անանձնական բնույթի է և դա բոլորիս հետ կապված պայքար է։ Եվ մենք բոլորս պարտավոր ենք կանգնել այդ մարդկանց կողքին։ Այդ մարդիկ երեկ մասնակցում էին նաև Ֆրանսիայի հրապարակում կազմակերկված հանրահավաքին, երթին»,- նշեց Ղազարյանը։