Հույս ունենք, որ մոտ ապագայում հանդիպումը կկայանա. ԱԽՔ-ը՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ կապված հանդիպման չկայացման մասին
Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր անկլավների մասով, մինչդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով, և այս առումով, Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ մենք ակնկալում ենք, որպեսզի Ադրբեջանն իրավական հիմքեր ներկայացնի իր կողմից ներկայացվող անկլավների հարցում։ Այս մասին ՀՀ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Խոսելով դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ կապված հանձնաժողովների հանդիպման մասին, որը տեխնիկական հարցերով հետաձգվել է, Գրիգորյանը նշեց, որ իրենք հույս ունեն, որ մոտ ապագայում տեխնիկական հարցերին լուծում կտրվի և հանդիպումը կկայանա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ հանդիպումը չի կայացել։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը նախատեսված է եղել մայիսի 16-17-ը: