Մեր օրակարգը շարունակում է նույնը մնալ և մենք փորձելու ենք առաջ շարժվել․ Գրիգորյանը՝ Ադրբեջանի հետ «խաղաղության» օրակարգի մասին
Խաղաղության օրակարգի հետ կապված, բնականաբար, մեր մոտեցումն այն է եղել, որ երկու փաթեթները, այսինքն՝ Ադրբեջանի կողմից առաջարկված փաթեթը և Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրված փաթեթը պետք է միացնել և դրա արդյունքում սկսվեն բանակցություններ։ Այս մասին ՀՀ կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ԱԽՔ-ի խոսքով՝ այդ հարցն իրենք Բրյուսելում բարձրացրել են։
«Մեր տեսածն այն է եղել, որ Ադրբեջանի կողմից կա ընկալում, որ մենք պետք է առաջ շարժվենք։ Մենք հույս ունենք, որ ինչ-որ պահի գալու ենք ընդհանուր հայտարարի՝ խաղաղության օրակարգի շուրջ, քանի որ խաղաղության օրակարգը չի կարող միակողմանի լինել, այն պետք է երկկողմ լինի և այդ երկկողմ տրամաբանության մեջ պետք է ներառի այդ երկու առաջարկների փաթեթը։ Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ պետք է միացնել այդ երկու օրակարգերը և առաջ շարժվել։ Կշարունակենք աշխատել, որպեսզի կարողանանք հասնել արդյունքի։ Մենք սկզբից էլ հասկացել ենք, որ խաղաղության գործընթացը շատ դժվար գործընթաց է։ Մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ, մեր օրակարգը շարունակում է նույնը մնալ և մենք փորձելու ենք առաջ շարժվել»,- նշեց Գրիգորյանը։