ԱՄՆ դեսպանին խնդրում եմ ուսումնասիրել ոստիկանների վերջին գործողությունները․ Արամ Վարդևանյան
Ցանկացած բռնություն ես դատապարտում եմ։ Եվ եթե հիշեք, Գյումրիում տարեցների և երիտասարդների միջև միջադեպից առաջ ակցիաների ժամանակ նման դեպքեր եղան, երբ ակցիայի մասնակիցների հասցեին վիրավորանքներ էին հնչում, նրանք մեքենաների վրա իրեր էին շպրտում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Գյումրիի դեպքերի հետևանքով հարուցված քրեական գործին։ Վարդևանյանը նաև հարցադրում արեց, թե ինչու մնացյալ դեպքերով գործ չի հարուցվում։
«Բա դա խուլիգանություն չի՞։ Բայց արի ու տես, որ իշխանական քարոզիչների նկատմամբ 0 գործողություն է։ Չի կարելի նման կերպ ծաղրել իրավունքը, ծաղրել արդարությունը։ Դա չի մնալու էդպես, չի կարող մնալ էդպես, դա նորմալ չէ»,- ասաց Վարդևանյանը։
Վերջինս նաև ապշած է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի երեկ արված հայտարարությունից։ Նա դիմելով դեսպանին ասաց․ «Առիթից օգտվելով ուզում եմ դիմել տիկին դեսպանին և խնդրել ուսումնասիրել այն տեսանյութերը, թե ոստիկաններն ինչպիսի գործողություններ են իրականացրել»։
Վարդևանյանը վստահեցրեց, որ այդ գործողություններից իրենք չեն ընկճվել, հակառակը, մեր հայրենակիցներն ավելի են միացել, նույնիսկ նրանք, ովքեր դեռ «քնած էին»։ Բայց, նրա խոսքով՝ երևույթը պետք է դատապարտվի։