Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց իրական թիվը. Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է ներկայացնում
Արցախի Ազգային ժողովում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ Ադրբեջանում գտնվող ռազմագերիները և գերեվարված քաղաքացիական անձանց թիվն Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն՝ 38 է։ Սակայն ՀՀ ՄԻՊ-ի և Արցախի ՄԻՊ-ի և գործի վերաբերյալ գործունեություն ծավալող իրավապաշտպան կազմակերպությունները տիրապետում են կոնկրետ փաստերի, որոնցով կարողանում են ապացուցել ևս 80 անձի գերության մեջ լինելու հանգամանքը։
«Ցավոք սրտի, մինչև այսօր Ադրբեջանի կողմից որևէ ձևով չի հաստատվում, ինչը հիմք է տալիս կասկածելու, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով թաքցնում է այլ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց իրական թիվը։ Ինչ վերաբերում է 38 ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ապա նրանց շարքում Արցախի Հանրապետության քաղաքացի չկա, բայց նրանց շարքում՝ 38-ից 35-ը՝ զինվորականներ են, 3-ը՝ քաղաքացիական անձինք, ովքեր գերեվարվել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, սակայն անհետ կորած է շարունակում մնալ 19 քաղաքացիական անձ։ Եվ նրանց մեջ կան մարդիկ, որոնց գերության հանգամանքը ևս կարողանում ենք փաստերով ապացուցել»,- նշեց ՄԻՊ-ը։