Պատերազմի հետևանքով Արցախում 215 բնակավայր անցել է Ադրբեջանի օկուպացիայի տակ. Արցախի ՄԻՊ
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության 118 համայնք ամբողջությամբ, իսկ 2 համայնք՝ մասնակի, կամ ընդհանուր 215 բնակավայր անցել են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Այդ բնակավայրերից բռնի տեղահանվել է մոտ 40 000 անձ, ինչը պայմանավորել է այդ անձանց` Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային իրավական ակտերով սահմանված իրավունքների՝ սեփականության, աշխատանքային, կրթության, սոցիալական ապահովության, բնակության վայրի ազատ ընտրության և ազգային ու միջազգային իրավական պաշտպանության ներքո գտնվող այլ իրավունքների զանգվածային և աննախադեպ խախտումների, որոնց հետևանքները բռնի տեղահանված անձինք կրել են նաև 2021 թվականի ողջ ընթացքում:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տվյալները հրապարակել է ԱՀ Ազգային ժողովում՝ 2021թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս։