«Մարիոթ» հյուրանոցում ֆանտաստիկայի ժանրի քննարկում է ընթանում, որին մասնակցում է Հայաստանի ամենամեծ սուտասան և հեքիաթասաց Նիկոլ Փաշինյանը․ Մամիջանյան
Այսուհետև Նիկոլ Փաշինյանը (և իր խմբավորումը) փակ դռների հետևում է շարունակելու իր խղճուկ կյանքն ու պաշտոնավարումը, մինչև որ ժողովրդի հաղթանակը վերջնականապես արձանագրվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում «Մարիոթ» հյուրանոցի դիմաց ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ որևէ մեկը, լինի դա ՊՊԾ-ն, թե ոստիկանները, չեն կարող կասեցնել ժողովրդի իրական ցասումը։
«Ոստիկանությունը դեռևս մեզ չի ենթարկվում՝ դեռևս»,- ասաց Մամիջանյանը։
Հարցին, թե ինչ կարող է ասել խոսքի ազատության մասին, պատգամավորը հարցադրմամբ ասաց․ «Հայաստանում խոսքի ազատո՞ւթյուն․․․ Կարո՞ղ է մի հատ էլ ժողովրդավարությունից հարցնեիք։ Ես գոյություն չունեցող բաներ չեմ քննարկում։ «Մարիոթ» հյուրանոցում ֆանտաստիկայի ժանրի քննարկում է ընթանում՝ հեքիաթասացություն, թե ինչքան լավ ու հրաշալի երկիր է Հայաստանը, 20, թե արդեն 30 քաղբանտարկյալ չկա, մեր գործընկերներին մայթերից բիրտ ուժի կիրառմամբ քաղմասներ չեն տանում և այլն, և այլն․․․ Մի խոսքով՝ հեքիաթասացության հերթական ժանր, որին իր մասնակցությունն է ունենում Հայաստանի ամենամեծ սուտասան և հեքիաթասաց Նիկոլ Փաշինյանը։ Ամեն ինչ օրինաչափ է։ Ներսում կան իշխանական լրագրողներ և իշխանական պատգամավորներ»։
Հիշեցնենք, որ «Մարիոթ» հյուրանոցում «Freedom House» միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում: Այնտեղ են Նիկոլ Փաշինյանը, ԵՄ և ԱՄՆ դեսպանները, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ և որտեղ թույլ չտվեցին ներս մտնել իշխանությանն անմիջապես չենթարկվող լրատվամիջոցներին: