Տարիներ առաջ Լենա Նազարյանը, երբ դեռ պատգամավոր չէր, հանգիստ ներս էր մտնում տարբեր միջոցառումների, իսկ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին այսօր չթողեցին․ Գրիգորյան
Ժողովուրդ ջան, առաջին արձանագրումը, որ ուզում եմ անել, այն է, որ մենք կարողացանք մտնել շենք, քանի որ դուք մեր մեջքի հետևում կանգնած էիք։ Այս մասին «Մարիոթ» հյուրանոցի դիմաց ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ առանց ժողովրդի աջակցության, այդ պատը հնարավոր չէր լինի ճեղքել։
«Ներս մտնելուց հետո, այսպես կոչված, ժողովրդավարության բաստիոնում չկարողացանք հանդիպել այն մարդկանց, ովքեր ասում էին, որ սատարում են 2018-ը, 2021-ը, և որ հիմա էլ է ժողովրդավարություն Հայաստանում։ Բայց դուք հավանաբար տեսաք, որ մենք մեր վանկարկումներով փորձեցինք առաջ գնալ, փորձեցինք ներկայացնել, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Հիշում եք՝ տարիներ առաջ Լենա Նազարյանը, որը դեռևս Ազգային ժողովի պատգամավոր չէր, շատ հանգիստ ներս էր մտնում տարբեր միջոցառումների, ԵՄ տարբեր ներկայացուցիչների առաջ ներկայացնում էր իր պատկերացրածը։ Իսկ հիմա, այսպես կոչված, ժողովրդավարության բաստիոնում ընդդիմադիր Ազգային ժողովի պատգամավորները չկարողացան հասնել նրանց, չկարողացան ցույց տալ, որ քաղբանտարկյալներ ունենք Հայաստանում, որ Ազգային ժողովի պատգամավորն օրը ցերեկով կարող է ծեծվել ոստիկանների կողմից։ Այս իրավիճակն էր, որ մենք ցանկանում էինք ներկայացնել»,- նշեց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ «Մարիոթ» հյուրանոցում «Freedom House» միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում: Այնտեղ են Նիկոլ Փաշինյանը, ԵՄ և ԱՄՆ դեսպանները, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ և որտեղ թույլ չտվեցին ներս մտնել իշխանությանն անմիջապես չենթարկվող լրատվամիջոցներին:
Լուսանկարում Լենա Նազարյանն է միջազգային դիտորդների ասուլիսի ժամանակ ընթերցում է իրենց տեքստը, Երևան, 19-ը փետրվարի, 2013թ