Ուզում եմ ընդգծել և կարևորել խաղաղության օրակարգը, որը որդեգրել է ՀՀ կառավարությունը և որի համար մանդատ է տվել ՀՀ քաղաքացին․ Փաշինյան
Ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, շատ մեծ ցնցումների միջով անցավ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր, որ կանխեց ՀՀ պետականության փլուզումը, ինքնիշխանության և անկախության կորուստը: Չգիտեմ, թե ինչքանով է դա մտնում այսօրվա միջոցառման արարողակարգի մեջ, բայց քանի որ համաժողովը կոչվում է «Ժողովրդավարության հայկական ֆորում», կուզենայի, որ մենք ծափահարենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության առանցքն է, հենասյունն է և անկյունաքարն է: Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Կարծում եմ, որ շատ կարևոր երկու հարց կա: Առաջինը՝ որքանո՞վ է ժողովրդավարությունն ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի անվտանգությունը: Եվ ինչքանո՞վ է ժողովրդավարությունն ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը: Երկրորդ հարցի պատասխանը միանշանակ է, և այն ես արդեն տվեցի, որ ժողովրդավարությունն այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն և առանցքային գործոնն է: Մեր խնդիրն է ապացուցել, որ ժողովրդավարությունը, այո՛, նաև ի վիճակի է ապահովել երկրի արտաքին ու ներքին անվտանգությունը: Այս առումով, ուզում եմ ընդգծել և կարևորել խաղաղության օրակարգը, որը որդեգրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և որի համար մանդատ է տվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
Ընդհանրապես՝ կարծում եմ, որ շատ կարևոր է խաղաղության օրակարգի ձևակերպումը և քննարկումը նաև այն տրամաբանությամբ, որ ի վերջո՝ երկրում առանցքային որոշումները, ինչպես արդեն ասացի, ժողովրդավարության կանոններին համապատասխան, Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով կայացնում է քաղաքացին: Շատ կարևոր է, որ մենք ամբողջական և պատշաճ տեղեկատվություն տանք քաղաքացուն, որպեսզի նա իր որոշումների կայացման ժամանակ լինի բավարար չափով տեղեկացված:
Ընդհանրապես, երբ վերջին շրջանում և շատ հաճախ մենք անդրադառնում ենք խաղաղության օրակարգի հետ առնչվող հարցերին, բանակցային գործընթացներին, պատմությանը, ոմանք դա մեկնաբանում են, թե բանավեճ է տեղի ունենում նախկին և ներկա իշխանությունների միջև: Դա ամենևին կապ չունի դրա հետ: Ես, մեր կառավարությունը, մեր քաղաքական թիմն իր պարտքն է համարում քաղաքացիներին բավարար և պատշաճ տեղեկատվություն տալ մեզ հետ տեղի ունեցածի վերաբերյալ, որպեսզի քաղաքացին պատշաճ խորությամբ տիրապետի խնդիրներին, տեղեկատվությանը և հետագայում նաև կայացնի այն որոշումները, որոնք պիտի կայացնի: Իմիջայլոց՝ այդ տեղեկատվության վերլուծության հիման վրա է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացին կայացրել այն որոշումները, որը կայացրել է»։