ԱՄՆ-ն ու Վրաստանը պաշտպանական համակարգում նոր փաստաթուղթ են ստորագրել
Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիկովանին և ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական Լորա Կուպերը ստորագրել են պաշտպանական համագործակցության 10-ամյա շրջանակային համաձայնագիր, հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
«Այսօր կազմվել է շրջանակային համաձայնագիր, որը 10 և ավելի տարի ժամկետով կնպաստի Վրաստանի Պաշտպանության ուժերի պաշտպանունակության բարձրացմանը և կապահովի զսպման քաղաքականության վարումը»,- ասել է Չիկովանին՝ մանրամասնելով, որ փաստաթուղթը «Վրաստանի պաշտպանության և զսպման միջոցների ուժեղացման նախաձեռնության» շարունակությունն է, որը ստորագրվել է 2021 թվականի հոկտեմբերին Վրաստանի և ԱՄՆ պաշտպանության նախարարներ Ջուանշեր Բուրչուլաձեի և Լլոյդ Օսթինի կողմից Թբիլիսիում։
Միաժամանակ Վրաստանը բացառեց Ուկրաինայի համար «երկրորդ ճակատի» ի հայտ գալը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկիրը երեք անգամ կոնֆլիկտի մեջ է մտել Ռուսաստանի հետ և մտադիր չէ նորից դա անել։ Նրա խոսքով, Թբիլիսին հանդես է գալիս խաղաղության օգտին։