Մեր բոլոր պրոբլեմների պատճառը մենք ենք․ նույնիսկ կապիտուլյացիայից հետո ժողովուրդը կարողացավ այս իշխանությանը ձայն տալ․ Գագիկ Մինասյան
Մենք մի բան պետք է հասկանանք, որ մեր բոլոր պրոբլեմների պատճառը մենք ենք։ Կա Բրյուսել, Մոսկվա, Անկարա, Բաքու․․․ բայց բոլոր պրոբլեմների պատճառը մենք ենք։ Ու եթե այդ պրոբլեմները չլուծենք, ապա որևէ մեկն այդ պրոբլեմը չի լուծի։ Այս մասին Հայելի ակումբում ասաց Գագիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ բավական է անդրադառնալ 4-5 տարվա պատմությանը ու մենք կտեսնենք, որ այդ նույն երկրները, որոնք այսօր քամահրանքով են խոսում մեզ հետ, մինչ այդ ինչպիսի ակնածանքով էին խոսում։
«Այդ նույն երկրները, որոնք այսօր իրենց թույլ չեն տալիս օգտագործել Լեռնային Ղարաբաղ, այդ նույն երկրների հետ մենք պայմանագրեր ենք կնքել, որտեղ երեք հիմնարար սկզբունքները փաստաթղթերում վավերացված է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Ի՞նչ փոխվեց․․․ Մենք փոխվեցինք։
Եկավ մի խայտառակ ազգակործան իշխանություն։ Պարզ պետք է ասել, որ նույնիսկ այդ կապիտուլյացիայից հետո մեր ժողովուրդը կարողացավ այս իշխանությանը ձայն տալ։ Հետևաբար այս պրոբլեմը մենք ենք։ Եվ հենց մենք ինքներս պետք է լուծենք դրանք։ Չի կարելի մտածել, որ որևէ մեկը կլուծի։ Մյուսները չեն կարող լուծել և առավելագույնը, որ կարող են նրանք անել՝ օգուտ քաղելն է։ Ամենաֆունդամենտալ միտքը, որ մենք պետք է ասենք՝ մեղավորը մենք ենք։ Մի լավ խոսք էլ կա՝ հիմարության համար պետք է վճարել»,-նշեց Մինասյանը։