Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման քննարկումը հնարավոր կլինի. Ռուդենկո
Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման քննարկումը հնարավոր կլինի միայն ուկրաինացի զինծառայողների դատավարությունից հետո։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ամեն ինչ կդիտարկենք այն բանից հետո, երբ հանձնվածները պատշաճ կերպով կդատապարտվեն, դատավճիռ կայացվի, հետո կարող են լինել այլ քայլեր։ Մինչ այդ փոխանակման մասին բոլոր խոսակցությունները վաղաժամ են»,- ասել է Ռուդենկոն:
Meduza-ն հիշեցնում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հարցը սկսել է ակտիվորեն քննարկվել այն բանից հետո, երբ ուկրաինացի զինծառայողները մայիսին հանձնվել են՝ ավելի քան երկու ամիս Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում պաշտպանությունը պահելուց հետո: Մայիսի 20-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ 2439 ուկրաինացի զինվոր լքել է Ազովստալը։ Հաղորդվել է, որ նրանք տեղափոխվել են ազատազրկման վայրեր:
Կիևն ավելի վաղ հայտարարել էր, որ փոխանակման արդյունքում ուկրաինացի զինվորականները կվերադառնան Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածք։