Չալաբյանին մեղսագրվող արարքը նկարագրող հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրությանը. Չալաբյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին
Մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի պաշտպանանական խումբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ։
Միջնորդության մեջ մասնավորապես նշվում է.
«ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելուն առնչվող իրավական նորմերն առերևույթ հակասում են ՀՀ Սահմանադրության 44-րդ 78-րդ և 81-րդ հոդվածներին»։
Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը, ՀՀ գլխավոր դատախազին ուղղված միջնորդության մեջ մի շարք հիմնավորումներ բերելով, փաստում է՝ Չալաբյանին մեղսագրվող արարքը նկարագրող հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրությանը։