ԲԴԽ-ի շենքում գտնվում է մի մարդ, որը Նիկոլ Փաշինյանին անվանում էր անգրագետ․ պատգամավորը՝ Ջհանգիրյանի մասին
Ես ուզում եմ հիշեցնել, որ այս շենքում գտնվում է մի մարդ, որը համարվում է ընտրակեղծարարության հիմնադիր հայրը։ Ու նման մարդու պաշտոն տալով՝ փաստորեն, այս դեմագոգիկ իշխանությունները խրախուսում են ընտրակեղծարարությունը։ Այս մասին ԲԴԽ-ի դիմաց հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ ԲԴԽ-ի շենքում գտնվում է մի մարդ, ում իր ընդդիմադիր աշխատելու տարիներին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր իշխանությունների կամակատարը լինելու մեջ, իսկ նա Նիկոլ Փաշինյանին անվանում էր անգրագետ։
«Այս շենքում գտնվում է մի մարդ, որը ոչ թե նախկին է, այլ՝ նախկինագույն է։ Եվ իբրև նախկինների դեմ պայքարող՝ այս իշխանություններն այդ նախկինի նախկինագույնի ձեռքերով իրականացնում են ընդդիմադիրների կեղտոտ հետապնդումները և պատվերները։ Այս արդարադատության գործիքներից է նաև, օրինակ, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կամ թմբուկչի դատավորները։ Ի միջի այլոց, Բաղրամյան 26-ում էլ մի հատ մարդ է նստում, դաշնակահար, սպիտակ մազերով մի անհայտ մարդ, ում գործառույթը պետության հաշվին շրջագայություններ կատարելն է և արտասահմանից ժամանած հյուրերի համար դաշնամուր նվագելը։ Ես առաջարկում եմ, որ դաշնակահարը, թմբուկչին ու դհոլչին մի հատ համույթ ստեղծեն և Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների առաջ աչք փակող ԵՄ դեսպանի և ԱՄՆ դեսպանի համար մի հատ համերգ տան ու նրանց մի լավ ուրախացնեն»,- նշեց Մանուկյանը։