Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ազատագրումը բացարձակ առաջնահերթություն է. Լավրով
Դոնբասի «ազատագրումն» անվերապահ առաջնահերթություն է Ուկրաինայում ռուսական «հատուկ գործողության» ընթացքում, և մնացած տարածքների բնակիչները, որտեղ դա տեղի է ունենում, իրենք պետք է որոշեն իրենց ապագան, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանի Դաշնության կողմից որպես անկախ պետություններ ճանաչված Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ազատագրումը բացարձակ առաջնահերթություն է»,- ասել է Լավրովը ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Միաժամանակ, ռուս նախարարը նշել է, որ Ուկրաինայի այն տարածքների հետ կապված, որտեղ ընթանում է «ռուսական ռազմական գործողությունը», «այդ շրջանների բնակիչները պետք է որոշեն իրենց ապագան»։ «Նրանք իրենք պետք է որոշեն, թե ինչ միջավայրում կշարունակեն գոյություն ունենալ՝ նախագահ Զելենսկու ստեղծած միջավայրում՝ ռուսական կրթության, ԶԼՄ-ների, մշակույթի, առօրյա կյանքում ռուսաց լեզվի օգտագործման արգելքի գոտում, թե մեկ այլ, որտեղ նրանք կկարողանան իրենց երեխաներին դաստիարակել այնպես, ինչպես իրենք են ուզում, այլ ոչ թե Զելենսկին և նրա թիմը»,- հավելել է Լավրովը։