Երևանում օտարերկրացին սպառնացել է ցած նետվել 8-րդ հարկից, պահանջել է հանդիպում դեսպանի հետ և պատշգամբից նետել խոշոր չափի թղթադրամներ (ֆոտո)
Երեկ՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Արամի փողոցի 4/3 շենքի 8-րդ հարկի պատշգամբից սպառնում է ցած նետվել:
Shamshyan.com-ի տեղեկություններով, տղամարդը օտարերկրացի է և պահանջում է հանդիպում՝ իր երկրի դեսպանի հետ:
Դեսպանատանից ներևկայացուցիչներ են ժամանել և նրա հետ սկսվել են բանակցություններ:
Քաղաքացին պատշգամբից նաև թափեց խոշոր չափի ԱՄՆ դոլար՝ քաղաքացիների ուղղությամբ: Բարեբախտաբար, Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Ա. Զաքարյանի, նույն վաշտի ավագ պարեկներ Ռոման Ալոյանի, Գևորգ Մնացականյանի և ոստիկանության Կենտրոնական բաժնի ու փրկարարների հետ հավաքել են ողջ գումարը, ինչպես նաև հայտնաբերել են քաղաքացու կողմից պատշգամբից նետած ժամացույցը, և դրանք տանում են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով, գումարը կազմում է մոտ 6 հազար ԱՄՆ դոլար:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: