Իբրահիմ Կալինը հեռախոսազրույց է ունեցել Ջեյք Սալիվանի հետ
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Anadolu-ն հայտնում է, որ քննարկվել են Ուկրաինայի պատերազմը, իրավիճակը Սիրիայում և տարածաշրջանային այլ իրադարձություններ։
Ըստ տեղեկությունների՝ Կալինը և Սալիվանը մտահոգություն են հայտնել Ուկրաինայից փախստականների աճող թվի և Ուկրաինայի պատերազմական գոտում հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Ընդգծվել է բանակցային գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը՝ դիվանագիտական ճանապարհով Ուկրաինայում պատերազմը վերջ դնելու համար։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գործընթացի, համաշխարհային պարենային և էներգետիկ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի հարցերի շուրջ։
Թուրքական կողմը հայտարարել է, որ այն երկրները, որոնք ցանկանում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, պետք է ընդունեն դաշինքի անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի արժեքներն ու սկզբունքները։ Այս համատեքստում մատնանշվել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը, նշում է Anadolu-ն։