Մենք պատրաստվում ենք անել ամեն ինչ, որպեսզի Իրանը չդառնա միջուկային երկիր. Իսրայելի ԱԳՆ ղեկավար
Իսրայելի Արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը The Jerusalem Post-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե Իրանի հետ նոր գործարքը կյանքի կոչվի, այն չի վերաբերի Իսրայելին։
«Սա մեզ ոչ մի կերպ չի վերաբերում, և մենք պատրաստվում ենք անել ամեն ինչ, որպեսզի Իրանը չդառնա միջուկային երկիր»,- ասել է նա։
Լապիդը չի մեկնաբանել Իրանում անօդաչու թռչող սարքերի գործարանի պայթյունը, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետի սպանությունը, որի մեջ մեղադրվում է Իսրայելը:
«Իրանն ասում է, որ իրենք կարող են պատերազմ բերել մեր երկիր, որովհետև մենք երբեք չենք կարող այն հասցնել նրանց երկիր:Դա տեղի չի ունենա։ Հասկանում եմ, թե ինչու էին այդպես մտածում նախորդ տարիներին, բայց ներկայիս իշխանության հետ դա չի ստացվի, ասաց արտգործնախարարը։
Նա հավելել է, որ «եթե իրանցիները պատերազմ բերեն մեր մոտ, նրանք պատերազմ կգտնեն իրենց տանը»: