ԱԽՔ-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև առկա տարաձայնությունների մասին
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցերին։
Գրիգորյանի խոսքով՝ երկու երկրի հանձնաժողովների քանակական հարցը որևէ նշանակություն չունի, որովհետև բոլոր հարցերն անցնում են միջգերատեսչական քննարկումներ և բանակցությունների գնալուց առաջ, աշխատանքային խումբը միշտ էլ պատրաստվածություն է անցնում։
«Ինչ վերաբերում է մասնագետներին, ապա մենք բազմաթիվ անգամ մասնագետների հետ տարբեր ֆորմատներով քննարկումներ ենք ունեցել»,- նշեց Գրիգորյանը։
Անդրադառնալով բրյուսելյան հանդիպմանը՝ Գրիգորյանը նշեց, որ մինչև մայիսի 22-ը շարունակական աշխատանքներ եղել են Բրյուսելի հետ և բոլոր այն հայտարարությունները հնչում են և չեն համապատասխանում օրակարգին, իրենք իրենց գործընկերների հետ քննարկումներ են ունենում։
Հարցին, թե արդյոք չկա՞ն տարաձայնություններ Հայաստանի և Ադրբեջանի՝ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև, Արմեն Գրիգորյանը նշեց․ «Բնականաբար, սահմանին ցանկացած լարում բացասական է ազդում բոլոր գործընթացների վրա։ Եվ դա էլ նաև պատճառ է եղել, որ մենք սահմանազատման և սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էինք, որ հայելային տարբերակով զորքերը հետ քաշվեն, որպեսզի սահմանին կայունություն լինի։ Ի դեպ, սահմանային անվտանգությունը շարունակում է մնալ օրակարգում։ Մենք կքննարկենք և ուզում ենք լուծումներ գտնել, որպեսզի սահմանին լարումներ չլինեն։ Իսկ ինչ վերաբերում է տարաձայնություններին, ապա կարծում եմ, հայկական կողմն ինչ քննարկում է Բրյուսելում, հրապարակային այն, ինչ հայտարարում է, ամբողջովին համապատասխանում է։ Մենք այս հարցում փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել և հանրությանը տեղեկացնել միայն այն, ինչ քննարկում ենք։ Մոտեցումների հետ կապված, բնականաբար, բանակցություններ լինում են նաև այն պատճառով, որ կան տարաձայնություններ և մենք հույս ունենք, որ հնարավոր է բանակցությունների միջոցով հաղթահարել այդ տարաձայնությունները»։