Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ ավելի քիչ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար, քան Ուկրաինայի. Մեդվեդև
Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ ավելի քիչ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար, քան Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը քաթարական Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Եթե խոսենք Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու մասին, ապա, ամեն դեպքում դա ավելի քիչ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար, քան Ուկրաինայի մուտքն այնտեղ»,- ասել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ «պատճառը լիովին պարզ է»։ «Խոսքը միայն այն զենքի մասին չէ, որ կտեղադրվի այնտեղ, և Ռուսաստանը պետք է սրա պատասխանը տա, սա վերաբերում է նաև Բալթիկ ծովին, սահմանային իրավիճակին և այլն: «Փաստն այն է, որ մենք տարածքային խնդիրներ չունենք այդ երկրների հետ, սակայն իրավիճակն այլ է Ուկրաինայի հարցում»,- պարզաբանել է Մեդվեդևը։