Փոխհրաձգություն Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին. կան վիրավորներ
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգության հետևանքով երկու ղրղզ զինծառայող է վիրավորվել, հայտնում է 24.kg-ը՝ հղում անելով Ղրղզստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը։
Շտապօգնության մեքենան տուժածներին տեղափոխել է Բատկենի շրջանային միացյալ հիվանդանոց։ «Նախնական տվյալներով՝ վիրավորներից մեկի վիճակը ծանր է, երկրորդը՝ միջին ծանրության։ Դեպքի վայրում են շտապօգնության երկու խումբ։ Հիվանդանոցում բոլոր աշխատակիցները տեղափոխվել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի, առկա է արյան, դեղորայքի և բժշկական սարքավորումների անհրաժեշտ պաշար»,- նշել են վարչությունից։
Առայժմ ոչինչ հայտնի չէ տաջիկական կողմի կորուստների մասին։ Ասիա-պլյուս հրատարակությունն ավելի վաղ հայտնել էր, որ Բատկեն շրջանին սահմանակից Վորուխ համայնքի հիվանդանոցի բժիշկներին հանձնարարվել է պատրաստվել վիրավորներին ընդունելու։