ԱՄՆ-ն Ուկրաինայի պատճառով կփոխի ազգային անվտանգության ռազմավարությունը
ԱՄՆ-ը փոփոխություններ է կատարում ազգային անվտանգության ռազմավարության առաջիկա նոր տարբերակում՝ կապված ուկրաինական իրադարձությունների հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով փաստաթղթի վրա աշխատանքի ընթացքին ծանոթ աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ իշխանությունները պլանավորում էին ռազմավարության նոր տարբերակը հրապարակել դեռ հունվարին, սակայն Ուկրաինայի շուրջ աճող լարվածությունը ստիպեց փոխել ծրագրերը։ Այժմ ռազմավարության տեքստը փոփոխվում է, որպեսզի արտացոլի աշխարհում տեղի ունեցած փոփոխությունները։ Փաստաթղթի հրապարակման ամսաթիվը դեռ որոշված չէ, և հնարավոր են հետագա ճշգրտումներ։
Նշվում է, որ փաստաթղթի սկզբնական տարբերակում շեշտը դրվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության ապահովման վրա, ինչն արտացոլում էր Չինաստանին դիմակայելու վրա կենտրոնանալու Վաշինգտոնի մտադրությունները։ Ռազմավարության նոր տարբերակում զգալի ուշադրություն է դարձվում նաեւ Եվրոպային։ Միաժամանակ փաստաթղթում ընդգծվում է, որ աշխարհի այս երկու տարածաշրջաններում անվտանգության խնդիրները սերտորեն կապված են։