Մենք մեզ տեսնում ենք Եվրոպայում, Եվրամիությունում` 5-10 տարի հետո․ Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող Գլոբալ անվտանգության ֆորումի ժամանակհայտարարել է Եվրամիություն երկրի անդամակցության ժամկետը՝ 5-ից 10 տարի, հայտնում է Interfax-ը։
«Վրաստանն իր բնույթով եվրոպական երկիր է, և մենք ունենք ասոցացման համաձայնագիր Եվրամիության հետ, որը մեր գլխավոր պլանն է։ Մենք հստակ գիտենք, թե ինչ պետք է անենք։ Իհարկե, մենք իրականացնում ենք այն բարեփոխումները, որոնց պատասխանատվությունը ստանձնել ենք։ Մենք գիտենք, թե ինչպես իրականացնել մեր երկրի վերափոխումը և այն վերածել իրական եվրոպական պետության»,- ասում է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ շնորհելը կարևոր խորհրդանշական քայլ և անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու խթան կլինի։
«Այսպիսով, մենք մեզ տեսնում ենք Եվրոպայում, Եվրամիությունում 5-10 տարի հետո։ 10 տարին մեր երազանքն ու ցանկությունն է»,- ամփոփել է Ղարիբաշվիլին։