Պարոն Երեմյան, էդ մրցույթն էլ Դո՛ւք չդնեք, խայտառակություն ա. քաղաքապետ Սարգսյանը բարկացավ
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանում շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայանի կառուցման նպտակով մրցույթը չի կայացել: Այս մասին հունիսի այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց ընկերության տնօրեն Հարություն Երեմյանը:
Նրա խոսքով՝ առկա էր երկու խնդիր։
«Հայտարարության մեջ տեխնիկական վրիպակ կար, բայց դրանից բացի երկու մասնակից է եղել, մեկը շատ բարձր գին է առաջարկել, մյուսն էլ ապրանքանշումը չի կատարել: Մրցույթը դրված է վաղը: Վաղն էլ տեսնենք՝ ինչ է լինում»,-նշեց Երեմյանը։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ի պատասխան Երեմյանին հորդորեց, որպեսզի վերջինս այլևս մրցույթ չդնի․ «Պարոն Երեմյան, էդ մրցույթը էլ Դո՛ւք չդնեք: Վաղը ինձ ասեք ինչ է, բայց «Էլեկտրատրանսպորտ» ընկերությունը էլ էս հարցը ընդհանրապես չզեկուցի: Խայտառակություն է, 6 ամիս է մրցույթ են դնում: Տրանսպորտի վարչությունը կդնի»: