ԶՈՒ ԳՇ պետ կնշանակվի ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններից հետո․ Սուրեն Պապիկյան
Այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո ունենալու ենք նոր մոդել, ըստ որի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։
«Բանակի կառավարման որոշակի փոփոխություն է կատարվում, դա հիմնարար փոփոխություն չէ, ամեն դեպքում Զինված ուժերը զբաղվելու է միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ։ Գնում, սպասարկում, ապահովում․ այդ ամենով պետք է զբաղվեն նախարարության կազմում գտնվող այլ վարչություններ։ Այսինքն, կսած թիկունքային ապահովումից, պետք է իրականացվի ոչ զինվորականների կողմից։ Շատ բաներ լինելու են պատվիրակված»,–ասել է նա։
Իսկ արդյոք օրենքն է պատճառը, որ մինչև հիմա չունենք Գլխավոր շտաբի պետ հարցին, նախարարն ասել է՝ պատճառը դա չէ։
«Պատճառը նաև ճիշտ որոշում կայացնել է, իհարկե։ Բայց նաև Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարը այսօր ամբողջությամբ կատարում է լիազորությունները»,– ասել է Պապիկյանը։