Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. 39-ամյա վարորդը 07-ով բախվել է քարերին, մոտ 7 մետր բարձրությունից ընկել ցած. կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Մարալիկ քաղաքի Կոլտնտեսականների 1-ին հասցեի դիմաց նույն փողոցի բնակիչ, 39-ամյա Ռաֆայել Ա.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշջրված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Ռաֆայել Ա.-ն և ուղևոր, Մարալիկ քաղաքի բնակիչ, 44-ամյա Արմեն Ն.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են մոտ 7 մ գլորված ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի պարեկային ծառայության գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկներ Տիգրան Հաջատյանը և Գրիգոր Կարապետյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Շիրակի մարզի պարեկային ծառայության գումարտակի ավագ հետաքննիչ Ռոման Հարությունյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: