2018թ.-ին մարդու մազ ծռվելու դեպքում օրվա մեջ մի քանի հայտարարություն էր տարածում, իսկ հիմա լուռ է և խրախուսում է ոստիկանական վայրագությունները. Վարդևանյանը՝ ԵՄ դեսպանատան մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների անունից ԵՄ-ին ուղղված գրություն ընթերցեց, որը պետք է փոխանցվի դեսպանին: Վարդևանյանն ակնկալում է, որ ԵՄ-ի կողմից առնվազն պատշաճ արձագանք կլինի:
Ամփոփելով իր խոսքը` պատգամավորը նշեց. «Ես ուզում եմ հետևյալն ազնվորեն ասել: Ինքս լինելով իրավաբան` մշտապես առանձնահատուկ կերպով կարևորել եմ մարդու իրավունքները: Ի վերջո, ամենահայտնի փաստաթուղթը՝ մարդու իրավունքների վերաբերյալ ընդունվել է 1950թ.-ին (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան): Ես իսկապես հավատացել եմ այդ կոնվենցիայի իրական լինելուն: Ես հավատացել եմ, որ Եվրոպական միությունը դրան պետք է հավատա ևս, պետք է պաշտպանի այդ կոնվենցիան: Բայց երբ այդ կոնվենցիայի գրեթե բոլոր իրավունքները հունիսի 3-ին խախտվում են, երբ այս օրերի ընթացքում օրվա իշխանությունները քաղաքական հետապնդման ենթարկում իմ հայրենակիցներին, իմ գաղափարակից ընկերներին, իսկ այս կառույցը լուռ է մնում, ես չեմ հասկանում: Ազնվորեն ես չեմ հասկանում, չեմ ընկալում սա: Մի՞թե սա էր այն արժեքը, որին որպես ուսանող ես հավատում էի: Եթե որպես իրավաբան սա որպես փաստ արձանագրեմ, ապա սա երկակի ստանդարտ է, սա ամենադաժան երկակի ստանդարտն է, ամենաանընդունելի: Նույն այս դեսպանատունը 2018թ.-ին մարդու մազ ծռվելու դեպքում օրվա մեջ մի քանի հայտարարություն էր տարածում, իսկ հիմա միայն լուռ է: Եվ այդ լռությամբ խրախուսում է ոստիկանական վայրագությունները: Սա փաստ է»: