Ոստիկանությունն իր տեղում չէ․ ունենք հանցավորության ծայրահեղ աճ՝ երկնիշ թվով․ իրավաբան
Մենք հիմա ունենք բազմաթիվ վնասվածքներով քաղաքացիներ, այդ թվում՝ գանգուղեղային վնասվածքով, կողոսկրերի, թևի կոտրվածքով, տարբեր աստիճանի արյունազեղումներով։ Այս մասին «Հայելի» ակումբում ասաց իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Նրա խոսքով՝ հավաքի մասնակիցներից մեկը բիրտ ուժի կիրառման հետևանքով ունի տեսողական խնդիր՝ մեկ աչքն ընդհանրապես չի տեսնում։
«Ինչպես նաև հադրութցի մի երիտասարդ, որը պարոն Խաչատուրովի հետ բերման էր ենթարկվել, կարծեմ ոտքի կոտրվածք է ստացել։ Կան նաև նմանատիպ այլ վնասվածքներ ստացածներ։ Եվ այս ամենը խոսում է այն մասին, որ ոստիկանությանը հրահանգված է, որպեսզի ամեն կերպ կանխարգելվի շարժման հետագա ընթացքը։ Սա չի խանգարում ոստիկանությանը՝ փոխոստիկանների մակարդակով հայտարարել, որ հատուկ միջոցներ չեն կիրառվում, իսկ ոստիկաններին ասեղով են ծակում են և նմանատիպ այլ զառանցանքներ։ Ընդ որում, դա այնպիսի պարկեշտ անձինք են ասում, որ զարմանում ես։ Կամ հնչում է տեսակետ, որ ոստիկաններն այն աստիճան են իրավաչափ գործում, որ որևէ հատուկ միջոց չի կիրառվում։ Նման արտահայտություններ անողները մի պարզ իրականության մասին են մոռանում՝ այսօր հավաքն այնքան ոստիկանացված է, այնքան շատ է ոստիկանների թիվը, որ ուղղակի հատուկ միջոցին հերթ չի հասնում։ Որովհետև, օրինակ 10000 հավաքի մասնակից կա, 20000 ոստիկան․․․Ամեն հավաքի մասնակցին բերման են ենթարկում 4-5 հոգով։ Մարզային ոստիկանության ստորաբաժանումներն այստեղ են և սա հանգեցրել է նրան, որ մի կողմից ոստիկանության ներկայությունը հավաքին չափազանց ուռճացված է, և մյուս կողմից ոստիկաններն իրենց հիմնական գործառույթը չեն իրականացնում։ Պետք է փաստել, որ վերջին ժամանակներս ոստիկանությունը և Քննչական կոմիտեն գրեթե չեն խոսում հանցագործությունների մասին, բայց մենք ունենք հանցավորության ծայրահեղ աճ՝ երկնիշ թվով»,- նշեց Կոչուբաևը և հավելեց, որ ոստիկանությունն իր տեղում չի։