Արամ Սիմոնյանն ազգային գործիչների համակարգային վարկաբեկման ու «դեմոնացման» հրեշավոր ծրագրի առաջին զոհերից մեկն է. Ռուբեն Մելիքյան
Ընդունելության քննություններին Հայոց պատմության կրկնուսույցս եղել է Արամ Սիմոնյանը։ Իհարկե, Պրոֆեսորից շատ բան եմ սովորել իմ ազգի պատմության մասին, բայց նրա ամենակարևոր դասը կապված չէր Հայոց պատմության հետ։ Արամ Սիմոնյանի այդ մանկավարժական «մաստեր-կլասի» մասին գիտեն մոտ ընկերներս։ Միայն ասեմ, որ եթե հեռավոր 97-ին չստանայի այդ դասը, ապա վստահաբար չէի լինի այն, ինչ ե՛մ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Երբ 2019-ի փետրվարին Սիմոնյանի նկատմամբ սկսեց կեղտոտ հետապնդում («տռավլյա»)՝ բաղձալի աթոռը Հովոյին հանձնելու նպատակով, պարտքս համարեցի աջակցել Պրոֆեսորին։ Հենց այդ ժամանակ էր, որ Համալսարանի դիմաց՝ մարդկանց առջև, առաջին անգամ խոսք ասացի ռուպըրով - մի բան, որ մինչ այդ չէի պատկերացնի, որ երբևէ կանեմ։
Այսօր, լսելով Պրոֆեսորի մահվան բոթը, մեծ ցավ ապրեցի։ Ու մեծ ցավ ապրելու հետ մեկտեղ՝ սկսեցի մտածել իր այն մերձավորների մասին, որոնք լուռ էին 2019-ին. որովհետև վախեցան, կամ նույնիսկ գործակցեցին…
Արամ Սիմոնյանն ազգային գործիչների համակարգային վարկաբեկման ու «դեմոնացման» հրեշավոր ծրագրի առաջին զոհերից մեկն է։
Յիշատակն արդարոյ օրհնութեամբ եղիցի։ Հանգչե՛ք խաղաղությամբ, սիրելի Պրոֆեսոր»։