Գիտեմ՝ միտինգներին սառն եք վերաբերվում, բայց Դուք պատրիոտ եք, ես էլ. Հայկ Մամիջանյանը դիմեց Լավրովին
Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության ընթացքում տեղի են ունեցել դեպքեր, որոնց մասին ընդունված չէ խոսել։ Խոսքն ահռելի ռազմատեխնիկական աջակցության մասին է, որը դադարեց 2018թ․-ից սկսած։ Այս մասին ԱԳ նախարարության դիմաց հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Դիմելով ՌԴ նախարար Սերգեյ Լավրովին՝ Մամիջանյանն ասաց․
«Սերգեյ Վիկտորովիչ, ես գիտեմ՝ միտինգներին սառն եք վերաբերվում, բայց ես նաև գիտեմ, որ Դուք Ձեր երկրի պատրիոտն եք, ես էլ՝ իմ երկրի։ Ու այս խաղաղ անհնազանդության ակցիաները, հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ միջոցառումները, որոնք տեղի են ունենում մեր մայրաքաղաքում՝ 40 օր շարունակ, գործիքներից մեկն են ապահովելու մեր երկրի ապագան՝ կայուն ու անվտանգ ապագան։ ՌԴ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է վստահելի դաշնակից, այլ ոչ թե գլխացավանք։ Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի իշխանափոխությունից հետո, ինչպես և 2018 թվականը, շարունակենք մնալ ՌԴ-ի ռազմավարական ու վստահելի դաշնակիցը Հարավային Կովկասում։ Իսկ դրա համար խնդրում եմ գիտակցել, որ Փաշինյանը չի կարող բանակցել ՀՀ-ի անունից։ Խնդրում եմ՝ չխաբնվենք նրա հավաքած քվեներին։ Առաջին հերթին նրանք կազմում եմ մեր չափահաս բնակչության ընդամենը 1/4-ը։ Դրանք ձեռք են բերվել կեղծիքով և ստով, որովհետև Փաշինյանը խոստացել էր Ղարաբաղյան հակամարտությունը լուծել մեր միասնական բանակցած Մադրիդյան սկզբունքների տրամաբանության մեջ»։
Մամիջանյանի խոսքով՝ այն, ինչ հիմա առկա է բանակցային սեղանին, որևէ կապ չունի այդ սկզբունքների հետ։ Փաշինյանը պատերազմի ժամանակ, դրան հաջորդող շրջանում ու առավելևս հիմա, բանակցում է բացառապես իր արյունոտ իշխանությունը պահելու համար։