Արցախում ռուս խաղաղապահների առաքելության գործողությունների մեջ պետք է փոփոխություններ մտցվեն․ Աբրահամյան
ՌԴ-ն հրադադարի համաձայնագրի կողմ ու երաշխավորն է, և, բնականաբար, ունի առանցքային դերակատարում մեր տարածաշրջանում՝ հատկապես Արցախի հարցում բանակցություններում։ Ինչպես նաև ակտիվ ներգրավածություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պահին ընթացող գործընթացներում։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության մոտ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքով՝ ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցները պետք է իմանան, որ Հայաստանում կան ուժեր, որոնք չեն կարող թույլ տալ, որ Նիկոլ Փաշինյանը շարժվի այնպես, ինչպես ինքն է ցանկանում։
«Նորից շեշտեմ՝ Արցախի և այլ հարցերի վերաբերյալ Փաշինյանը որոշում կայացնելու մանդատ չունի։ Արցախի ճակատագիրը պետք է որոշեն արցախցիները։ Հայաստանն այս գործընթացում պարտավոր է լինել Արցախի անվտանգության և բնականոն զարգացման երաշխավորը։ Դա ամրագրված է նաև Անկախության հռչակագրում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը դա չի ստանձնում, ավելին՝ նա պատրաստ է այսօր հանձնելու ոչ միայն Արցախը, այլ նաև ՀՀ սուվերեն տարածքը։ 2020թ․-ի մարտական գործողություններին հաջորդած գործընթացը դա արդեն ցույց է տվել։ Բազմաթիվ ներխուժումներ են եղել ադրբեջանցիների կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր»,- նշեց Աբրահամյանը։
Անդրադառնալով Արցախում խաղաղապահ ուժերին՝ Աբրահամյանն այն կարծիքը հայտնեց, որ խաղաղապահների առաքելության գործողություններիմեջ պետք է փոփոխություններ մտցվեն։
«Մի մասում ծառայություն են իրականացնում ռուս խաղաղապահները, իսկ մյուս մասում Արցախի ՊԲ-ն, ուստի վերանայման առաջնահերթություն կա։ Սա առաջին հերթին ենթադրում է նաև առաջնագծում տեխնիկական միջոցների հագեցվածություն, բնակավայրերի մոտ ադրբեջանական զորքերի որոշակի հետքաշում և անվտանգության չեզոք գոտու տեղակայում։ Առանց այս գործընթացների, մենք տարբեր փուլերում ունենալու ենք լարվածություններ»,- նշեց Աբրահամյանը։