Քաղաքակիրթ երկրներին բնորոշ հարթակները թողած, անձինք ոչ թե հանդիպում են ուզում, այլ բեմականացված, գռեհիկ շոուներ․ Ավանեսյանը՝ պատգամավորների երեկվա քայլի մասին
Կարծում ենք, որ պատգամավորական մանդատը որևէ անձի թույլ չի տալիս դրսևորել խուլիգանական վարքագիծ։ Ես կարծում եմ, որ Ազգային ժողովում համապատասխան Էթիկայի հանձնաժողովը, որը կստեղծվի, մանրամասն կքննի այդ վարքագիծը և կքննի նաև այդ համատեքստում՝ պատգամավորին ոչ հարիր գործելաոճ ունենալու հանգամանքը։ Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Ասպրամ Կրպեյանի և Աննա Մկրտչյանի՝ ԱՆ մուտք գործելուն։
Հարցին, թե արդյոք նախարարն իր մեղքի բաժինը չի՞ տեսնում այդ ամենում, քանի որ արդարացրել է ոստիկանների արարքները, ինչն էլ նման դժգոհությունների առիթ էր տվել, նա նշեց․ «Նախ ասեմ, որ Ազգային ժողովը բաց է, 2021թ․-ի արդյունքում ընտրվել են պատգամավորներ, և նրանք պարտավոր են գալ իրենց աշխատանքի վայր և նաև ունեն բոլոր հնարավորություններն ու հարթակները նախարարների հետ հանդիպելու համար։ Բայց չգիտես թե ինչու, օրենքով սահմանված, քաղաքակիրթ երկրներին բնորոշ հարթակները թողած, անձինք ոչ թե հանդիպում են ուզում, այլ բեմականացված, գռեհիկ շոուներ։ Եվ կրկնեմ, այո՛, ոստիկանական ուժերը և բոլոր իրավապահները պետք է գործեն խստիվ օրենքի շրջանակներում։ Ժողովրդավարության սկզբունքները Հայաստանում պահպանվում են 2018թ-ից սկսած և տարեցտարի Հայաստանը որպես ժողովրդավար երկիր իր երկիրը բարելավում է, բայց ժողովրդավարություն չի նշանակում անօրինաանություն, այլ նշանակում է օրենքի գերակայություն»։